Ադրբեջանի ընկերը Թուրքիայի ընկերն է, իսկ Ադրբեջանի թշնամին՝ Թուրքիայի թշնամին. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իլհամ Ալիևի հետ Բաքվում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի ընկերը Թուրքիայի ընկերն է, իսկ Ադրբեջանի թշնամին՝ Թուրքիայի թշնամին:
«Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հիմնված են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։ Այդ հարաբերությունները զարգացման մեծ ճանապարհ են անցել»,-ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին և կշարունակի աջակցել:
«Դժբախտաբար, Ադրբեջանի հանդեպ կիրառվում են կրկնակի ստանդարտներ»,- հայտնել է Յըլդըրըմը: Նա հավելել է, որ եկել է «ադրբեջանական հողերի հայկական «օկուպացիային» վերջ տալու ժամանակը»:
«Այնպիսի միջազգային կազմակերպությունները, ինչպիսին Մինսկի խումբն է, պետք է լուծեն այս հարցը, և Թուրքիան ուշադիր հետևում է սրան»,- նշել է նորընտիր վարչապետը: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններն իրենց հետաքրքրությունների շրջանակում կարևոր որոշումներ են կայացնում, սակայն երբ բանը հասնում է Ադրբեջանին և Թուրքիային, այդ կազմակերպություների գոյությունն ուղղակի անտեսանելի է, և դա կրկնակի ստանդարտների օրինակ է: Ըստ Յըլդըրըմի՝ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ կրկնակի ստանդարտներից: