Թուրքիայի նորանշանակ վարչապետը կայցելի Ադրբեջան` քննարկելու ԼՂՀ հարցը
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 3-ին մեկօրյա պաշտոնական այցով կուղևորվի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով տեղական հեռուստաընկերությանը, Յըլդըրըմը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Բանակցությունների կենտրոնում կլինեն էներգետիկ համագործակցության, համատեղ գազային և տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցերը: Կողմերը նաև կքննարկեն ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված դրությունը: Նշենք, որ Անկարան ամբողջությամբ պաշտպանում է Բաքվի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում:
Յըլդըրըմը որպես վարչապետ առաջին անգամ է այցելում Բաքու: Սա նրա արտասահմանյան երկրորդ այցելությունն է որպես Թուրքիայի վարչապետ: Առաջին այցը նա ավանդաբար արել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: