Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան առջև շնորհակալության ցույց է տեղի ունեցել
Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան առջև շնորհակալության ցույց է տեղի ունեցել: Ցույց կազմակերպել էին Վրաստանի Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի հայ Համայնքը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի պաշտոնական էջից:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո վրացահայերը Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան առջև իրենց շնորհակալությունն են հայտնել Գերմանիայի կառավարությանը ցեղասպանություն հանցագործությունը կանխելուն ուղղված քայլի՝ 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանն ընդգծել է, որ որ չնայած նրան, որ 1915-23 թթ. Գերմանիան ցեղասպան Թուրքիայի դաշնակիցն էր, այսօր այդ երկիրը հրապարակայնորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունը և ընդգծում հայ ժողովրի ցեղասպանության փաստի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությունը:
Վրաստանի հայ Համայնքի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սադրո Օհանյանը հույս հայտնեց, որ Վրաստանի ղեկավությունը կմիանա քաղաքակիրթ աշխարհին` կճանաչի և կդատապարտի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը: