Արվեստագետները՝ Հռոմի պապին մատուցվող նվերի մասին (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 30-ին, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը և գրականագետ Աշոտ Եղիազարյանը խոսեցին այն մասին, թե ինչ անակնկալ են պատրաստել Հռոմի պապի համար հայ արվեստագետները:
«Երբ նա ընդունեց Ցեղասպանությունը, իմ մոտ արթնացավ մի միտք, որ անպայման նրան նվիրեմ մի գործ: Երբ որ արդեն վճռական նշանակվեց նրա գալու օրը, ես անցա գործի: Արդեն 2 ամիս է աշխատում եմ մի գործի վրա, որն ունի իր առաքելությունը և ամբողջի իմաստը՝ մեկ րոպեի լռությունն է»,-ասաց Ֆերդինանտ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ քանդակը ոսկուց և բրոնզից է, ունի 4 մետր երկարություն, 1 մետր բարձրություն 220 ֆիգուր, կենտրոնում կենաց ծառն է, որը խորհրդանշում է այն օրը, որը մենք ապրեցինք, վերջացավ և մենք շարունակում ենք ապրել, շարունակում ենք ծաղկել ծառի նման և աշխարհը եկել է այդ ծառի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգում է ոչ միայն հայերի ցեղասպանությունը, այլ՝ ամբողջ աշխարհի ցեղասպանությունները:
«Ես չեմ ուզում լաց լինենք, մենք ապրել ենք, ողբը զգում ենք, կյանքի րոպեն տեսնում ենք և տեսնում ենք ապագան»,-ասաց արվեստագետը և հավելեց,- «Այս արձանը, որ ես արել եմ՝ ես ուզում եմ, որ մեր ազգի կողմից նվիրվի նրան: Նա կտանի, թե ոչ՝ չգիտեմ, բայց կգրվի մի բան, որ սա հայ ազգի կողմից երախտիքի խոսք է»:
Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ Հռոմի պապը մեկ անգամ ևս պետք է համոզվի, որ այս փոքր հայ ժողովուրդն այնպիսի մշակույթ ունի, որը պետք է ցույց տա ամբողջ աշխարհին, որի մասին բոլորը պետք է իմանան և այդ մշակույթի էությունը՝ հումանիզմն է:
«Ֆերդինանտ Առաքելյանի այդ աշխատանքը չափազանց հետաքրքրական և չափազանց բնորոշ է: Շատ հետաքրքրական աշխատանք է չափերը մոնումենտալ չեն, բայց ռացիոնը իսկապես մոնումենտալ է»,- ասաց Աշոտ Եղիազարյանը
Մանրամասները՝ տեսանյութում: