Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությանը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Այժմ ահաբեկիչների ձեռքին կան զենիթային սպառազինություններ և հրթիռներ, որոնք նրանց է տվել Ռուսաստանը»,- Դիարբեքիր գնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Ըստ նրա, զենքը քրդերին է հասնում Սիրիայից և Իրաքից:
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը ավելի վաղ հերքել էր, որ Մոսկվան սպառազինություններ է մատակարարում սիրիական քրդերին: Միաժամանակ Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը «РИА Новости»-ին հայտարարել է, որ Մոսկվան Իրաքի Քուրդիստանի զինված ուժերին է փոխանցել «ЗУ-23-2» զենիթային սարքավորումներ:
Իրաքում ՌԴ դեսպան Իլյա Մորգունովը «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է, որ քուրդ աշխարհազորայիններին սպառազինությունների մատակարարումը կատարվում է Բաղդադի հետ համագործակցությամբ: