Նա իմ Ջիջին է. Ջուսի ընտրյալը՝ իրենց հանդիպման և ներկայիս հարաբերությունների մասին
«Ջիջին ինձ համար ուրիշ է: Նրա բեմական կերպարը բոլորովին կապ չունի նրա իրական կերպարի, դաստիարակության հետ, իսկ նրա բեմական ինքնատիպությունն ինձ ավելի է դուր գալիս»,- այսպես է երգչուհի Ջուսին նկարագրում նրա նոր ընտրյալը՝ Վահագնը, ով երգչուհուն երկրորդ մականունով է կնքել:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում սկանդալային երգչուհին և նրա ընտրյալը խոսեցին իրենց ծանոթության, հարաբերությունների խորացման ու հետագա անելիքների մասին:
Ժամանակակից երգչուհին իր երկրորդ կեսին գտել է ժամանակակից ճանապարհով՝ ֆեյսբուքի միջոցով:
«10 ամիս առաջ, համացանցում ամենուր Ջուսն էր, որ էջը թերթում էի՝ նա էր: Ակամայից սկսեցի հետաքրքրվել ու ավելի մանրամասն ուսումնասիրել Ջուսին ու նրա պատմությունը: Ի վերջո՝ գրեցի նրան»,-ասաց Վահագնը:
Վահագն Մանուկյանը 1995-1997 թթ. եղել է Հայաստանի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, բայց այժմ աշխատում է որպես փաստաբան, ավելին՝ 2015թ. ճանաչվել է ՀՀ լավագույն փաստաբան:
Երգչուհին ևս համակրել է ֆեյսբուքյան իր երկրպագուին և շարունակել շփվել նրա հետ, սակայն 10 ամիս շարունակ նրանց չի հաջողվել հանդիպել աշխատանքային խիտ գրաֆիկի և ինչ-ինչ պատճառներով:
«Գարնանային մի հրաշալի օր կյանքն ինձ համար նոր շունչ առավ: Ես ու Ջիջին հանդիպեցինք և հիմա արդեն չկա մի այնպիսի օր, որ չհանդիպենք»,-անկեղծանում է Ջուսի սիրեցյալը:
Այն հարցին թե ինչ չեն ների միմյանց, Ջուսն ու Վահագնը միաբերան պատասխանեցին. «Դավաճանությունը»:
Երգչուհու անձնական կյանքում Վահագնի ի հատ գալը միանգամից տարբեր խոսակցությունների առիթ է դարձել. օրինակ, որ Ջուսն օգտագործում է սիրեցյալին, քանդում է նրա ընտանիք և այլն, սակայն մեր թղթակցի հետ զրույցուն երգչուհին հերթական անգամ շեշտել է, որ Վահագնի հետ ծանոթացել է, երբ նա արդեն ամուսնալուծված է եղել:
«Մինչև այժմ ես նամակներ եմ ստանում, որտեղ փորձում են վատաբանել Վահագնին, նույնը գրում են նրան, բայց մենք արդեն ճանաչում ենք միմյանց այնպիսին, ինչպիսին կանք և կարծում ենք, որ մեր նախկինների ձեռքի գործն է այդ ամենը»,-ասաց Ջուսը:
Վահագնի խոսքով՝ աշնանը մտադիր են ամուսնանալ: Չնայած այն փաստին, որ նա դուստր ունի, ցանկությունը մեծ է Ջուսից ևս երեխա ունենալու:
«Վահագնին հանդիպելուց ի վեր փոխվել եմ, ավելի կանացի ու թույլ եմ դարձել: Հենց այդպիսին պետք է լինի տղամարդը, որ կինը նրա կողքին թույլ զգա իրեն: Նրա հետ ես ավելի ազատ եմ: Վահագն իմ առաջ սահմանափակումներ չի դնում»,-ասաց Ջուսը: