Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է «ԻՊ»-ի հետ համագործակցող թուրքական ընկերությունների ցանկը
Մի շարք թուրքական ընկերություններ մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարմանը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Իրաքի Թիրքիթ քաղաքի և Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում իսլամիստներից մնացած պայթուցիկ նյութերի հիմնական քիմիական բաղադրիչների, ինչպես նաև արտադրող ընկերությունների նույնականացման, այլ երկրներում նման բաղադրիչների վաճառքի պայմանների ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կամ թողարկվել են Թուրքիայում, կամ այդ երկիր են բերվել առանց վերաարտահանման իրավունքի»,- հայտարարել է Չուրկինը:
Չուրկինի հրապարակած նամակում նշված են այն թուրքական ընկերությունները, որոնք միջնորդներ են եղել` «Գյուլթաշ Քիմյա», «Մարիքեմ Կիմևի վե Էնդյուստիել Յուրյունլեր», «Մեթքիմ», «Եքմ Գյուբրե», «Դիվերսեյ Քիմյա»: Այս ընկերությունները «ԻՊ»-ին մատակարարել են ալյումինի փոշի, ամոնիումի նիտրատ, հատիկավոր կարբամիդ և ջրածնի պերօքսիդ, որոնք արտադրված են թուրքական և արտասահմանյան տարբեր ընկերությունների կողմից: Չուրկինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիայից Սիրիա ամոնիումի նիտրատի մատակարարումների ծավալը մեծացել է 7 անգամ: Ամոնիումի նիտրատը օգտագործվում է ահաբեկիչների կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ պարաստելու համար:
Ռուսաստանի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ «ԻՊ»-ի պատրաստած պայթուցիկ սարքավորումներում օգտագործվում են միկրո կարգավորիչներ, որոնք պատկանում են ամերիկյան «Միկրոչիպ Տեքնոլոջի», շվեցարական «Էս-Թի Միկրոէլէկտրոնիքս» ընկերություններին, ինչպես նաև «Nokia 105 RM-908» մոդելի հեռախոսներին: