Ադրբեջանում դատարանն ազատ է արձակել լրագրող Խադիջա Իսմայլովային
Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրող Խադիջա Իսմայլովայի պայմանական վաղաժամ ազատման մասին որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
2015 թ-ի սեպտեմբերին Խադիջա Իսմայլովան, ով ուսումնասիրում էր Ադրբեջանի ղեկավարությունում կոռուպցիոն դեպքերը, դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման:
Նրան մեղավոր էին ճանաչել հարկերից խուսափելու, շորթման, անօրինական ձեռնարկատիրական գործունեության, ծառայողական դիրքը չարաշահելու համար:
Դեռևս այս տարվա սկզբին համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել էր, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները որակել էին Իսմայլովայի ձերբակալությունը որպես քաղաքական: Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ը և ՄԲ-ն պահանջել էին ազատ արձակել լրագրողին:
Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի սկզբին Իսմայլովան արժանացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Գիլյերմո Կանոյի անվան ազատ մամուլի համաշխարհային մրցանակին: