Թուրք պատգամավորների անձեռնմխելիության հանումը մտահոգություն է առաջացնում. Մերկել
Թուրք պատգամավորների անձեռնմխելիության հանումը շատ մեծ մտահոգություն է առաջացնում: Բեռլինին հետաքրքրող ոչ բոլոր թեմաներն են պարզաբանված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է լրագրողներին Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
«Իհարկե, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մեկ քառորդի անձեռնմխելիության հանումը խորն անհանգստության պատճառ է: Այդ մասին ես ասել եմ նաև Թուրքիայի նախագահին: Մենք բավականին բաց ենք զրուցել այդ հարցով: Ամփոփելով կարող եմ ասել, որ այդ ոլորտի հարցերը բաց են մնում: Մենք պետք է ուշադիր հետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը: Այդ առթիվ ինձ մոտ ծագած հարցերն ամբողջովին չեն պարզաբանվել»,- նշել է Մերկելը:
Նա հավելել է, որ անկախ արդարադատությունը, ազատ ԶԼՄ-ները և ուժեղ խորհրդարանը գործող ժողովրդավարության հիմքն են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ օրը օրենք է ընդունել, որով պատգամավորները զրկվում են անձեռնմխելիությունից: