Գուրգեն Արսենյանի քաղքենիության պտուղները կամ Արսենյանը «մեզնից մեկն է» (տեսանյութ)
Հասարակություն3 շենք, 3 շինություն, 8 հողամաս, 2 ինքնաթիռ, «Լեքսուս LS 600 HL», «Ռենջ Ռովեր Super Chargee», «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ, ինչպես նաև «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու ինքնաթիռ, որոնք օրեր առաջ նվիրել է ԼՂՀ կառավարությանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից ստացել է 1 միլիարդ 107 միլիոն 171 հազար 965 դրամ եկամուտ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից' 11 միլիոն 809 հազար 568 դրամ, «Բիզնես Սթայլ» ՓԲԸ-ից' 5 միլիոն 997 հազար 600 դրամ եկամուտ. եկամուտ են բերել նաև մի շարք ընկերություններից ստացած վարձավճարները' «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից 13 մլն 590 հազար դրամ, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից' 2 մլն 160 հազար և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ից' 1 միլիոն 80 հազար դրամ:
10 ընկերություններում ունի բաժնեմաս' 20-100 տոկոս:
Այս «համեստ» ունեցվածքը պատկանում է հայտնի գործարար, քաղաքական գործիչ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին, ով Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ընտրությունների արդյունքից հետո ինքնաբացարկ հայտարարեց:
Թերևս ինքնաբացարկ հայտարարելը սպասելի էր բոլորի համար. թե՛ հայաստանյան ներքաղաքական կյանքին քիչ թե շատ ծանոթ շրջանակների, թե՛ քաղաքականությունից շաաաատ հեռու կանգնած մարդկանց, որոնց համար հասկանալի էր, որ երբևէ ԱԺ պատգամավորը չի հրաժարվի իր պատգամավորական մանդատից հանուն տեղական ինքնակառավարման մարմնում ներգրավված լինելու՝ աշխատանքի, որը չի վարձատրվում, այլ գնահատվում է քաղաքացիների կողմից, սակայն դա այնքան էլ չի հետաքրքրում գործող պատգամավորին, չնայած նա «մեզնից մեկն է»:
Այո, այս մասին անձամբ ասել է Արսենյանը` քարոզարշավներից մեկի ժամանակ. «Ես ձեզանից մեկն եմ, կարող ա մի քիչ ավելի հաջողակ, բայց ձեզանից մեկն եմ»:
Միգուցե միլիոնատեր լինելը համարվում է հաջողակ լինելու նշան, բայց մի բան աբսուրդ է. Երբ նույն «մեզանից մեկը» ցույց է տալիս իր Rolex ֆիրմայի ձեռքի ժամացույցը կամ թանկարժեք մեքենան և նշում, որ դրանք գնել է իր սեփական միջոցներով, բացահայտում, որ հրաժարվել է իր պատգամավորական մեքենայից, որպեսզի մեզնից գանձվող հարկերի միջոցով ինքը «բենզին լցնող ու անձնական վարորդ չունենա». որքանո՞վ է էթիկապես ընդունելի քաղքենիության նման դրսևորումը:
Լավ, մեզնից մեկն ես, դրսևորիր քեզ մեզ նման, ոչ թե հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ ցուցադրիր Rolex-դ, որոնց ամենևին դա չի հետաքրքրում, որոնցից պատկերացում չունեն և չեն էլ ուզում ունենալ. նրանց այդ պահին իրենց առօրյա հոգսերն են հուզում և նրանց աչքերում հույս ու սպասում կա, որոնց կեղծ խոստումներով սպասումներ ես պարգևում:
Խոսում ես նախարարների մասին, որոնք պաշտոնից զրկվելուց հետո լքել են երկիրը, քաղաքային իշխանությունների սխալներից ես խոսում, որ Երևանը դարձրել են «գազի տրուբեքի ջունգլիներ», բայց հրաժարվում ես պայքարել այդ ամենի դեմ, հրաժարվում ես, որովհետև ավագանու կազմում ընդգրկվելը չի սազում «մեզնից մեկը հանդես եկող» Գուրգեն Արսենյանին:
Քարոզարշավից որոշ դրվագներ՝ տեսանյութի տեսքով:
Սեդա Ղուկասյան