Ադելը 90 միլիոն ֆունտ ստերլինգի ռեկորդային պայմանագիր կկնքի «Sony Music»-ի հետ
Բրիտանացի երգչուհի Ադելը 90 միլիոն ֆունտ ստերլինգի ռեկորդային պայմանագիր կկնքի «Sony Music» ընկերության հետ: Այս մասին հաղորդում է «The Sun»-ը` հղում անելով իր աղբյուրին:
Սա ամենամեծ գումարն է, որով պայմանագիր է կնքում բրիտանացի որևէ երաժիշտ: Նախկինում ամենամեծ պայմանագիրը կնքել է Ռոբբի Ուիլյամսը: 2002 թ-ին «EMI» ընկերությունը նրան վճարել է 80 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բացի այդ սա իգական սեռի ներկայացուցչի ամենաշահավետ պայմանագիրն է: Նրանից առաջ 2001 թ-ին Ուիթնի Հյուսթոնն էր «Arista» ընկերությունից ստացել 70 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ակնկալվում է, որ Ադելը «Sony Music»-ի հետ պայմանագիրը կստորագրի մոտակա շաբաթներին: Դրանից հետո ընկերությունը իրավունք կստանա տարածել երգչուհու երաժշտությունն ամբողջ աշխարհում:
«Sony»-ն և Ադելի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանություններ տալ: