Ադրբեջանը Ղարաբաղում արգելված ռումբեր է օգտագործել. «La Stampa»
Իտալական «La Stampa» թերթի լրագրող Ռոմերտո Թրավանը գրում է, որ ինչ-որ մեկի համար սա մոռացված պատերազմ է, մեկ ուրիշի համար՝ սառեցված կոնֆլիկտ: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կողմնակի կոնֆլիկտի մասին:
«Որպեսզի հասկանաք, թե որքան լուրջ է տեղի ունեցածը, հարկավոր է Ստեփանակերտից դուրս գալ և գնալ Մարտակերտ ու Թալիշ՝ հարձակվող հառակորդի նպատակակետերը:
Հնարավոր է, որ սա ագրեսիայի ամենախոսում արտահայտությունն է: Մեկը մյուսի հետևից անցնում են քաղաքներն ու գյուղերը, որոնք ջնջված են հողի երեսից: Աղդամի փլատակները, կողքին՝ Մարագա գյուղի ավերակները՝ պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկի վայրերը, որտեղ սպանվեցին տասնյակ անզեն մարդիկ:
Մարտակերտում 20 տարվա հնություն ունեցող ավերակներին ավելանում են այսօրվանը: Հայերն ասում են, որ հարձակումը սկսվել է Բաքվի կողմից, ադրբեջանցիներն էլ մեղադրում են հայերին: Այսպես թե այնպես, քաղաքների ուղղությամբ հրթիռներ են գործարկվել, որոնք ավերել են բազմաթիվ շինություններ և մի քանի խաղաղ բնակչի վիրավոր ու սպանված են թողել: Սակայն ոչ միան դա. «Մի քանի գյուղերի ուղղությամբ կրակել են իսրայելական արտադրության հսկայական ռումբերով»,- հավաստիացնում է բրիտանական «Halo Trust» կազմակերպությունը, որը, սկսած 2000-ական թթ-ից, զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ականազերծմամբ:
«Նրանք հարյուրավոր կասետային ռումբեր են գործարկել, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով: Նրանք հարվածներ են հասցրել խաղաղ օբյեկտներին, այդ թվում՝ Ներքին Հոռաթաղ և Մոխրաթաղ գյուղերին»,- նշում է Յուրի Շահրամանյանը:
Ճանապարհն ավարտվում է Թալիշում` ուրվական գյուղում, որը բանտարկված է մութ լեռների արանքում: Այժմ այնտեղ ապրում են միայն զինվորներ՝ հոգնած դեմքերով:
Նրանցից շատերը կամավորներ են, ովքեր եկել են մի երկիր, որը նրանք հպարտությամբ Արցախ են կոչում: Բնակիչներն ամեն ինչ թողել են, փախել Ստեփանակերտ, երկու ժամվա ճանապարհի վրա, որը ճանապարհին անվերջ է թվում:
«Գրադ»-ով գնդակոծությունները ոչնչացրել են գյուղական դպրոցը՝ ոչնչացնելով խորհրդային շինության միակ պաշտպանված մասը: Բեկորներից դպրոցական է զոհվել: Դասարաններում մնացել են շրջված նստարաններ, այս ու այն կողմ նետված տետրեր, ջարդված ապակիներ: Պատի մոտ հրաշքով անվնաս մնացած լվացարանն է: Մեկ ուրիշ արկ ոչնչացրել է հանդիսությունների սրահը: Քարերի, հիմնասյուների կույտեր, սևացած նստարաններ:
Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն առանց տատանվելու ցույց է տալիս ադրբեջանական տանկերի տեսագրությունները: Դրանք վերջին սերնդի մոդելներ են Ռուսաստանից: «Մարդիկ հոգնել են Մոսկվայի երկակի խաղից, որը զենք է վաճառում երկու կողմին և չափազանց երկար շահարկումներ է անում այս հակամարտությունում», - ասում է Կարեն Օհանջանյանը` «Հելսինկի-92»-ի տեղական համակարգողը:
Ինչ-որ մեկը զգուշանում է Ղարաբաղում նոր պատերազմից: Առաջինը քառորդ դար առաջ է տեղի ունեցել` միջազգային հանրության լիակատար լռության և կատարյալ անտարբերության պայմաններում»,- գրում է La Stampa» թերթի լրագրող Ռոմերտո Թրավանը: