Հայտնի կինոդերասանին իր բնակարանում մահացած են գտել
Դերասան և ռեժիսոր, մարդ, ով Օլիմպիական արջուկը 1980 թվականին բաց թողեց Մոսկվայի երկինք, այսօր գտնվել է իր բնակարանում՝ անշնչացած:
Սովետական ու ռուսական հայտնի կինոդերասան Վիկտոր Մամաևին երեկ՝ մայիս 14-ին, գտել են Մոսկվայի հյուսիսում գտնվող իր տանը:
-Վիկտոր Մամաևն, ով ծնվել է 1955 թվականին, մահացել է այս երեքշաբթի օրվա սկզբին՝ օրվա սկզբից մեկ ժամ անց: Այս մասին LifeNews-ին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը: Վիկտոր Վիկտորովիչը երկար ժամանակ դուրս չի եկել տանից, հարազատներն անհանգստացել են ու գնացել նրա տուն: Բնակարանի դուռը փակ է եղել և այն բացելու համար անհրաժեշտ է եղել ԱԻՆ աշխատակիցների օգնությունը:
Երբ փրկարարները ներս են մտել, մահճակալի վրա գտել են դերասանի մարմինը:
-Բնակարանը բացել են միայն այսօր: Ես նրան վերջին անգամ տեսել եմ կիրակի օրը, ժամը 9:30-ի սահմաններում,- պատմել է դերասանի հարևանուհի Գալինան:- Երկուշաբթի արդեն նրան զանգահարել հնարավոր չէր: Նա ոչ մի հեռախոսի, ոչ մի զանգի չէր պատասխանում:
Գալինան գնացել է Մամաևի տուն՝ որպես հարևանուհի, օգնելու համար. խանութ գնալու, աղբը թափելու:
-Նա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր տառապում՝ վերջին աստիճանի,- ասում է հարևանուհին:- Մեկ ամիս առաջ էին նրան հիվանդանոցից դուրս գրել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա տանից դուրս չէր էլ գալիս: Այդ ցավերը դժոխային էին….
Վիկտոր Մամաևը մահացել է միայնության մեջ: Նրա կինը մահացել էր դեռևս նախորդ հարյուրամյակում՝ երեխայի ծնունդի ժամանակ. երեխային նույնպես չի հաջողվել փրկվել:
-Նրա մայրը ողջ է, բայց ապրում է Ուրալում,- ասել է Գալինան:
Ինչ վերաբերում է նրա դերասանական կյանքին, ապա նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում: 1980-ին Մամաևը դարձել է Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի համառեժիսորը: Հենց նա բաց թողեց օլիմպիական արջուկը: Նրա վերջին գործերից մեկը դարձավ Սերգեյ Բոնդարչուկի «Խաղաղ Դոն» ֆիլմը, որն էկրան բարձրացավ նկարահանումների սկզբից 14 տարի անց: