Թուրք պատգամավորները կարող են զրկվել իրենց անձեռնմխելիությունից
Թուրք պատգամավորները կարող են զրկվել անձեռնմխելիությունից: Երկրի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն անելու մասին որոշումը քննարկելուն: Այդ որոշման ընդունման դեպքում դատարանի առջև կարող են կանգնել խորհրդարանի 138 պատգամավորներ, որոնց շուրջ երկրի դատախազությունը հետաքննություն է իրականացնում: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Առաջին հերթին դա վերաբերում է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը դեմ է սահմանադրական այդ փոփոխությանը: «Եթե պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, դա կհանգեցնի պետական հեղաշրջման և բռնապետական ռեժիմի հաստատման: Մենք կարևոր առաջարկություն էինք ներկայացրել այդ հարցով, բայց այն մերժվեց»:
Սահմանադրական փոփոխությանը կողմ է հանդես եկել Ազգայնական շարժման կուսակցությունը.«Հարցը պետք է լուծվի ուրբաթ օրը: Ոչ ոք չպետք է վախենա պատասխան տալ սեփական գործողությունների համար: Նրանք, ովքեր խորհրդարանում գովել են ահաբեկիչներին և ահաբեկչությունը, կվճարեն իրենց դավաճանության համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անվանում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևը և մեղադրում են նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Թուրքական բանակն արդեն մի քանի ամիս շարունակ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ երկրի հարավ-արևելքում հակաքրդական գործողություններ է ծավալում: Այս քայլով Էրդողանը ուզում է ամրապնդել քրդերի դեմ պայքարը և նրանց մեկուսացումը նաև երկրի քաղաքական դաշտից: