«Թանգարանային գիշեր». մասնագետները՝ միջոցառման և հասարակության հետաքրքրվածության մասին (տեսանյութ)
Այսօր, մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը և Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանը խոսեցին «Թանգարանային գիշեր» միջոցառման մասին:
Ըստ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանի՝ այս միջոցառումը շատ հետաքրքիր իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Նրա պնդմամբ՝ արդեն երկար տարիներ է, ինչ այս միջոցառումը կա մեր երկրում և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը հենց սկզբից մասնակից է դարձել:
«Այս տարի մենք ծրագիրը ներկայացրել ենք նախարարություն, բայց մի քանի օր առաջ մեզ դիմեցին երիտասարդ երաժիշտներ, ովքեր ցանկություն ունեն այդ օրը կիթառով և ֆլեյտայով՝ երիտասարդների համար համերգ կազմակերպել և մենք ընդառաջեցինք նրանց»,- ասաց Անժելա Խորենյանը
Ըստ Անի Եղիազարյանի՝ մինչև «Թանգարանները և մշակութային լանտշավտ» խորագիրը, Թումանյանի տուն-թանգարանը միշտ օգտագործել է հարակից տարածքները:
«Անկախ «Թանգարանային գիշեր» ծրագրից, որևէ նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ, թանգարանը միշտ ուղղորդվում է Թումանյանի պատգամներով»,- նշեց Թումանյանի տուն-թանգարանի գիտաշխատող Անի Եղիազարյանը:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին՝ արդյո՞ք շատ են այն այցելուները, ովքեր բազմակի անգամ են լինում նույն թանգարանում, Անի Եղիազարյանը պատասխանեց. «Նախ պետք է խթանել, այսինքն, եթե տվյալ մարդը ցուցադրությանը մեկ անգամ այցելեց, որոշ բաներ կիսատ թողեց, չհասցրեց, 2-րդ անգամ եկավ այցելուն, 3-րդ անգամ հենց այնպես չի գա, պետք է ինչ-որ բան առաջարկես և դրա համար այս տեխնոլոգիական լուծումներն ամենալավ հնարավորությունն են, որ կարող են խթան հանդիսանալ»,- իսկ մյուս բանախոս Անժելա Խորենյանը հավելեց,- «Կրթական ծրագրերի դերը հենց այն է, որ կարողանաս թանգարան բերել ոչ թե մեկ, այլ՝ մի քանի անգամ»:
Operativ.am-ի թղթակցի մյուս հարցին, թե արդյոք ապահովում եք զբոսաշրջիկներին օտար լեզուների առումով և ցուցադրությունները լինում են օտարալեզու, Անի Եղիազարյանը պատասխանեց, որ մշտական ցուցադրությունը եռալեզու է նրանց մոտ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: «Էքսկուրսավարները ևս տիրապետում են օտար լեզուների և կա նաև աուդիոգիդ տարբերակի ծառայություն, որը ևս միջազգային ստանդարտներին համապատասխան է»,-ասաց Անի Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: