Լազարևն առաջին անգամ դժգոհել է «Եվրատեսիլ»-ի ժյուրիից
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց: Ուկրաինացի երգչուհու` Ջամալայի հաղթանակը մրցույթում վեճերի առարկա դարձավ հանդիսատեսի և մասնակիցների միջև:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Սերգեյ Լազարևը հայտարարել էր, որ գոհ է մրցույթի արդյունքներից և երրորդ տեղը բավականին պատվավոր է համարում: Սակայն «Ուղիղ եթեր» շոուի ժամանակ երգիչն առաջին անգամ արտահայտել է իր կարծիքը եվրոպական ժյուրիի քվեարկության արդյունքների մասին: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
«Մեզ համար մեծ անակնկալ և բացահայտում էր: Մենք զարմացած էինք, որ 21 երկրների ժյուրիի անդամները մեզ 0 միավոր էին տվել: Դրա հետ մեկտեղ այդ նույն երկրների հեռուստադիտողները մեզ ամենաբարձր միավորն էին տվել: Լիովին հակադիր կարծիք է ստացվել: Եվ որ ամենահետաքրքիրն է, առաջին կիսաեզրափակչում այդ նույն ժյուրիի անդամներն ինձ միավորներ տվել էին:
Այժմ այդ ամբողջ տեղեկատվությունը բաց է և կարելի է նայել: Առաջին կիսաեզրափակչում մենք հավաքել էինք ամենաշատ միավորները` 341 միավոր: Երկրորդ կիսաեզրափակչում Ավստրալիան մեզնից ավելի քիչ միավորներ էր հավաքել: Այսինքն, երկու կիսաեզրափակիչների արդյունքներով Ռուսաստանն է եղել առաջատարը: Ես չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց և չեմ ցանկանում, որ երաժշտական մրցույթում հաղթի քաղաքականությունը»,- նշել է երգիչը: