«Եվրատեսիլ-2017»-ը կարող է տեղի ունենալ Ուկրաինայի միանգամից մի քանի քաղաքներում
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը կարող է տեղի ունենալ միանգամից մի քանի քաղաքներում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան չունի միաժամանակ մի քանի քաղաքներում մրցույթ անցկացնելու փորձ, սակայն կարելի է օգտագործել այն ենթակառուցվածքը, որը ստեղծվել էր ֆուտբոլի Եվրոպայի առաջանության ժամանակ 2012թ-ին:
«Ինչո՞ւ ենք մենք որոշել, որ դա պետք է մեկ քաղաքում լինի: Մենք պետք է ազգային ընտրություն անենք, ևս երկու կիսաեզրափակիչ և մրցույթի եզրափակիչը: Դրա համար հնարավորություն կա, դեռևս որպես գաղափար իհարկե, որ կարող ենք մրցույթը անցկացնել մի քանի քաղաքներում, այլ ոչ մայրաքաղաքում միայն: Նույնիսկ բոլորովին պարտադիր չէ, որ մայրաքաղաքում լինի»,- հայտնել է Ալասանիան «Радио Свобода»-ի եթերում:
Նա կարծում է, որ մրցույթը դժվար թե հնարավոր լինի անցկացնել արևելյան քաղաքներում՝ հաշվի առնելով անվտանգության տեսանկյունը: Սակայն, նրա խոսքով, այն բանից հետո, ինչ Կիևը Եվրոպական հեռարձակողների միությունից կստանա պարտադիր պայմանների ցուցակը, կազմակերպիչները կայցելեն ուկրաինական քաղաքներ՝ ենթակառուցվածքների պատրաստությունները տեսնելու համար: