Մահացել է հայտնի գեղանկարիչ Արշոն
Ծանր հիվանդությունից հետո 75 տարեկանում մայիսի 15-ին կյանքից հեռացել է անվանի հայ գեղանկարիչ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը):
Արշոյի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև Հայաստանի տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարան, Հայաստանի գեղարվեստի ֆոնդ և այլն):
Արվեստագետի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով: Նա ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:
Նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին, ժամը 17:30-20:00-ին, Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում: