Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության հարցերը
Այսօր Գաբալայում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Իսմեթ Յիլմազը քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրները և ռազմական համագործակցության հարցերը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալայում, որը նախկինում ԽՍՀՄ, ապա որոշ ժամանակով ռուսական ռազմաբազա է եղել, մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կապերը հիմնված են երկու երկրների եղբայրության և փոխըմբռնման վրա: Զաքիր Հասանովը և Իսմեթ Յիլմազը քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրները և ռազմական համագործակցության հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հասանովը և Տինատին Խիդաշելին նշել են, որ «եռակողմ հանդիպումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի»: