«Եվրատեսիլ-2016». քվեարկության արդյունքները կամփոփվեն նոր կանոններով
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի վերջին` եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր` մայիսի 14-ին, Երևանի ժամանակով 23.00-ից:
Ըստ Եվրոպայի հեռարձակման միության սահմանած նոր կանոնների, 2016 թ.-ի մրցութային քվեարկության կարգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Նախկինում քվեարկության վերջնական արդյունքի 50% -ը ապահովում էին հեռուստադիտողները, իսկ մյուս 50% -ը՝ մասնակից յուրաքանչյուր երկրի պրոֆեսիոնալ ժյուրիի թիմը: Այս արդյունքները ընդհանրացված տեսքով ներկայացվում էին եզրափակչի վերջում: Այս համակարգի արդյունքում քվեարկության առաջին պահից մրցույթի հաղթողն ակնհայտորեն առանձնանում էր մյուսներից:
Նման անախորժություններից խուսափելու համար, Եվրոպական հեռարձակողների միությունը որոշակի փոփոխություններ է կատարել միավորների հայտարարման ընթացակարգում: Այսուհետ, պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կհայտարարվեն առանձին:
Յուրաքանչյուր երկիր նախ կներկայացնի իր ժյուրիի քվեարկության արդյունքները (մեզ ծանոթ 1-7, 8, 10 և 12 միավորները): Այնուհետև հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կընդհանրացվեն, և փոքրից - մեծ հերթականությամբ կներկայացվեն մրցույթի հաղորդավարների կողմից: