Ցուցահանդեսների մուտքն անվճար ենք դարձրել, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել, թե ինչ է կատարվում կերպարվեստի աշխարհում. Կարեն Աղամյան
Ապրիլի 12-ին Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել էր իր պահոցներում գտնվող 1960-80-ականների նկարիչների ու քանդակագործների 80 լավագույն աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ ողջ հասույթն Արցախին տրամադրելու նպատակով: Ցուցահանդեսի և Նկարիչների միության հետ կապված որոշ մանրամասների մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է կառույցի նախագահ Կարեն Աղամյանի հետ:
-Ապրիլի 12-ին ցուցահանդես վաճառք էիք կազմակերպել, որի հասույթը պետք է տրամադրվեր Արցախին: Ի՞նչ պատկեր ունենք, գնորդներ շա՞տ եղան, արդեն փոխանցվե՞լ է ստացված գումարը:
-Ցուցադրված էին այնպիսի նկարներ, որոնք առաջին անգամ էին ցուցադրվում: Դրանք 60, 70, 80-ականների նկարներ էին: Գնորդներ շատ չեղան, բայց եղան մարդիկ, ովքեր հատուկ այդ նպատակով գնեցին նկարները: Նկարների գինը 600 դոլարից մինչև 1500 դոլարի էր հասնում: Արցախի մշակույթի նախարարի հետ որոշեցինք, որ գումարը փոխանցենք համապատասխան հաշվեհամարին, որը հասնում է 4 մլն դրամի:
-Տարվա կտրվածքով քանի՞ ցուցահանդես եք կազմակերպում:
Ամեն տարի մենք հասցնում ենք իրականացնել 45-55 ցուցահանդես, որը շատ մեծ թիվ է: Խորհրդային ժամանակներում, երբ Նկարիչների միությունը շատ հարուստ էր, ուներ հարյուրավոր աշխատակիցներ, այդ ժամանակ իրականացվում էր 20 ցուցահանդեսից ոչ ավելի: Թվի հետ կարծես թե խնդիր չկա, առաջարկները շատ են: Դիմումների քանակը շատ ավելի մեծ է, քան մենք ունենք այդ հնարավորությունները:
-Առաջարկվող բոլոր նկարները ցուցադրվո՞ւմ են, թե՞ սահմանափակումներ գոյություն ունեն:
-Իհարկե, սահմանափակումներ կան: Կա հանձնաժողով, որտեղ պրոֆեսիոնալներն ընտրում են, թե որ նկարները կարող են ցուցադրվել, որոնք ոչ: Նրանք զտում են լավ նկարները վատից: Նկարների հեղինակները պետք է լինեն պրոֆեսիոնալներ:
-Ցուցահանդեսների մուտքը վճարովի՞, թե՞ անվճար է:
-Չնայած մեր ունեցած ֆինանսական ծանր վիճակին՝ մուտքը հատուկ անվճար ենք դարձրել, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել, թե ինչ է կատարվում կերպարվեստի աշխարհում:
-Մարդիկ հետաքրքրվա՞ծ են ցուցահանդեսներով: Նվազո՞ւմ, թե՞ աճում է նրանց թիվը, և արդյո՞ք երիտասարդները հետաքրքրված են կերպարվեստով:
-Մեզ մոտ մշտապես բազմամարդ է: Իհարկե, ազգաբնակչությունն ավելի մտահոգված է կենցաղային հարցերով և մշակույթը հետին պլան է մղվել: 10 տարի առաջ գուցե ավելի շատ էին հաճախում, քան այսօր, սակայն, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չկա: Երիտասարդությունն էլ հետաքրքված է, այո՛: Այդ առումով վտանգ չեմ տեսնում: Վտանգը նրանում է, որ ինֆորմացիան դժվար է հասնում մարդկանց, նրանցից շատերը չեն տեղեկանում, որ ցուցահանդեսներ են կազմակերպվում:
-Ինչո՞վ են տարբերվում մերօրյա նկարները: Ավելի շատ ի՞նչ թեմատիկայով են կազմակերպվում ցուցահանդեսները:
Այսօր ավելի շատ թեթև բնապատկերային նկարներն են գերակշռում, այլ ոչ թե կոմպոզիցիոն թեմատիկ միտք արտահատող գործերը:
-Որքա՞ն ժամանակ առաջ կարող է հեղինակը դիմել ցուցադրության համար:
-Մենք այժմ ունենք դիմումներ, որոնք նախատեսված են հաջորդ տարվա համար: Իսկապես, դիմումների պակաս չենք ունենում, ուստի, հնարավորինս շուտ պետք է տեղեկանանք այդ մասին:
-Ի՞նչ խնդիրներ ունի Նկարիչների միությունը:
-Խնդիրներ շատ ունենք, հնարավորություններն են շատ քիչ: Մենք գոյատևում ենք սենյակների վարձակալման այն գումարներով, որով աշխատավարձերի և մնացյալ հարցերին ենք լուծում տալիս: Մենք հասարակական կառույց ենք և անկախ ենք պետությունից: Մենք ենք հոգում մեր խնդիրները, ինչն իհարկե, վատ է: Նկարիչների միությունում բավականին էժան գներ են սահմանված, որը պարզապես անհամեմատելի է արտասահմանյան չափանիշների հետ: Արտասահանում 1 գծամետրի հաշվարկով են գումար սահմանում, իսկ մեզ մոտ՝ 1 ցուցասրահի: Այդ գումարի մեջ մտնում է բանվորի, և ցուցահանդեսի համար նախատեսված մնացած ծախսերը: