Պան Գի Մունը կբարձրացնի Թուրքիայում մարդու իրավունքների հարցը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ստամբուլում Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ՝ Միջազգային մարդասիրական գագաթաժողովի ընթացքում, բարձրացնում է մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցը Թուրքիայում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերին:
«Դուք կարող եք սպասել, որ գլխավոր քարտուղարը թուրքական կառավարության հետ քննարկում կանցկացնի բազմաթիվ հարցերով: Դա կներառի մարդու իրավունքների հարցը »,- հայտնել է Դյուժարիկը՝ խոսելով Պան Գի Մունի և Թուրքիայի կառավարության առաջիկա հանդիպումների մասին:
Թուրքիայում 2015թ-ին Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ զինված կոնֆլիկտի վերսկսումից հետո քուրդ ապստամբների հետ ունեցած բախումների հետևանքով մահացել է 450 զինվորական և ոստիկան: Էրդողանի խոսքով՝ այդ ընթացքում ոչնչացվել է 5 000 քուրդ ապստամբ, իսկ քրդամետ կուսակցության ներկայացուցիչները հայտնում են, որ զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: