Իշխանության հետևից դպրոցի ու մանկապարտեզի երեխաներն են գնում
«Եթե անգամ թույլ է ընդդիմությունը, բայց ի տարբերություն իշխանության՝ ժողովուրդը գոնե ընդդիմության հետևից գնում է, իսկ իշխանության հետևից գնացող չկա, իշխանության հետևից դպրոցի ու մանկապարտեզի երեխաներն են գնում»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իրենք ասել են, որ չեն հոգնելու, չեն հուսահատվելու և պայքարելու են. «Ովքեր կհուսահատվեն, դա իրենց իրավունքն է և խնդիրն է, մենք շարունակելու ենք անել, այն ինչ որ անում ենք»,- նշեց Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ պայքարը պիտի տանի ժողովրդի իշխանության ձևավորման, և պարտադիր չէ, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանն անի. «Վերջիվերջո մեր երկրում պետք է տեղի ունենան գոնե մեկ արդար ընտրություններ, հիմա դա Րաֆֆին կտանի, թե մյուսը կտանի, մի բան ակնհայտ է. պայքարը պետք է շարունակվի»:
Այն հարցին, որ եթե իրենց խնդիրն իշխանափոխությունն է, այլ ոչ թե մարդափոխությունը, ինչո՞ւ համագործակցության եզրեր չեղան ՀՅԴ-ի հետ, քանի որ վերջինս նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը մարդափոխությունն է, Սաֆարյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության տեքստն արդեն ապացուցում է, որ մեր խնդիրը իշխանափոխությունն է, ոչ թե մարդափոխությունը. Րաֆֆին խնդիր դրեց ձևավորել ժողովրդի իշխանությունը, եթե ՀՅԴ-ն նման բան է հայտարարել, ես կարծում եմ ինքը ճիշտ չի հասկացել, թե ինչ է ասում Րաֆֆին»: