Ի՞նչ պարտքեր, «Արմավիա»-ի՞, կտանք. Բաղդասարովն՝ իր անհաշիվ պարտքերի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռևս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ և 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի:
«Արմավիա»-ն պարտավորություններ ունի նաև պետբյուջեի առջև, որոնք կազմում են 31 միլիարդ 357 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար: Նախօրեին «Ժողովուրդ»-ին հաջողվեց «Արմավիայի» պարտքերի վերաբերյալ զրուցել ավիաընկերության սեփականատեր, այլևս նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ:
Նա պարտքի մասին լսելով՝ ասաց. «Ի՞նչ պարտքեր: «Արմավիա»-ի՞: Պարտքերը մարում ենք: Դեռ գույքը չենք վաճառել, վաճառում ենք, կվաճառենք, կտանք պարտքերը»: Այս խոսքերից հետո անմիջապես անջատեց հեռախոսը:
Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովը վերջին մեկ տարում հիմնականում Հայաստանից բացակայում էր, սակայն այս օրերին նրան հաճախակի կարելի է տեսնել Երևանի կենտրոնում զբոսնելիս: Հավելենք, որ ԱԺ-ում լուրջ աղմուկ բարձրացրած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտքերը ևս Մ. Բաղդասարովինն են, հիմա այն «ՎՏԲ Հայաստան» բանկինն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: