Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանում ներգաղթ կա. արձագանքում են ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»
«Մենք ուրախացել ենք, որ Րաֆֆին 37 տոկոս ձայն էր վերցրել, բայց ընդդիմադիր լինելը նշանակո՞ւմ է Ազատության հրապարակում մեծ-մեծ խոսել, ժողովրդին տրամադրել, հետո բողոքել, որ արտագաղթ կա, ներգաղթ չկա։ Եթե ներգաղթ չունենայինք, Րաֆֆի և Վարդանը ո՞նց պետք է Հայաստանում լինեին»: Այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Տեսակետի մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի և ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ. «Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ի ցուցանիշներն են ներգաղթի վերաբերյալ, սակայն հիասթափեցնեմ՝ նրանք եկել են մինչև ՀՀԿ-ի իշխանություն դառնալը:
Եթե այդ երկու մարդուն են օրինակ բերում, ապա նշանակում է, որ դա էլ իրենց շնորհքը չէ, հերթական անպատասխանատու դրսևորումն է մեղադրել ընդդիմությանն արտագաղթի մեջ, անպատասխանատու իշխանության հերթական դրսևորումն է»,- նշեց Սաֆարյանը:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ պատասխանեց. «Եթե ուզում եք արտագաղթի մասին պատկերացում կազմել Երևանի և ՀՀ-ի այլ քաղաքների տարբեր հատվածներից մեկնող ավտոբուսներին նայեք, թե ինչպես են ընտանիքները առաջին անհրաժեշտության իրերով հեռանում երկրից, եթե որևէ մեկը դրա հետ համաձայն չէ, դա արդեն իր խնդիրն է:
Եթե անհատներ, որոնք որևէ վիճակագրության վրա չեն ազդում, գալիս են Հայաստան, դրանք եզակի բացառություններ են»: