«Եվրատեսիլ-2016»-ում ԼՂՀ-ի դրոշն այլևս արգելված չէ
Եվրոպական հեռարձակողների միությունը վերանայել է դրոշների հարցում իր քաղաքականությունը: Ըստ միության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության, նախկինում արգելված ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների օգտագործումը արդեն ուժի մեջ չէ: Սա նշանակում է, որ ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում:
«Մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների մտահոգությունից և նրանց հետ կառուցողական բանակցություններից հետո, «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները համաձայնվեցին վերանայել դրոշների հարցում իրենց քաղաքականությունը և թույլատրել մասնակիցներին օգտագործել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշները»,-նշված է հայտարարության մեջ:
Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է արել նաև հանդուրժող մոտեցում ցուցաբերել այլ դրոշներին և չխոչընդոտել տեսախցիկների աշխատանքներին, քանի որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը ոչ քաղաքական մրցույթ է: Այս առաջարկությունը հավանության է արժանացել մրցույթի կառավարող մարմնի կողմից: