Ամերիկահայ համայնքի առաջնորդները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ և պահանջել հակազդել ադրբեջանական ագրեսիային
Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանի և ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Այս մասին հայտնում է «Armenian Weekly»-ն:
Հանդիպման կենտրոնական թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 2-ին իրականացրած խոշորագույն ռազմական հարձակումն է եղել:
Ամերիկահայ համայնքի առաջնորդները պահանջել են ամերիկյան կողմից դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները: Նրանք պահանջել են նաև «Լիհիի օրենքի» շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետաքննություն իրականացնել` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հարձակումները Արցախի քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ:
Ամերիկահայ ղեկավարներն իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ կառավարության կողմի` Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործման հարցում Ադրբեջանի խոչընդոտը հաղթահարելու անկարողության առթիվ: Ռոյս-Էնգելի առաջարկները նախատեսում են կանխել դիպուկահարների, ծանր ռազմական տեխնիկայի, ԵԱՀԿ դիտորդների և հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով լոկատորների տեղակայումը: