Իրանի նոր խորհրդարանում կանայք ավելի շատ են, քան հոգևորականները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր` մայիսի 1-ին շնորհավորել է երկրի բնակիչներին` «լավագույն ընտրությունն» անելու համար: Երեկ Իրանում տեղի էր ունենում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ընտրությունների արդյունքում հաղթել են գործող նախագահի քաղաքական կուրսը պաշտպանող բարեփոխիչներն ու չափավոր պահպանողականները: Արդյունքում նրանք ամենաշատն են նոր խորհրդարանում: Նրանք զբաղեցնում են Իսլամական խորհրդի ժողովի 290 տեղերից 133-ը, այն դեպքում, երբ նրանց մրցակից պահպանողականները` 125 տեղ ունեն: Մնացած մանդատները բաժին են հասել անկախ թեկնածուներին և փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Իրանի նոր խորհրդարանի կազմում կլինի 17 կին, գրեթե բոլորը` բարեփոխիչներ, և 16 հոգևորական, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է մեջլիսի ողջ պատմության ընթացքում:
Իսլամական խորհրդի ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի վերջին: