Մադլեն Օլբրայթը սխալների, բրոշների և Պուտինի մասին
Մադլեն Օլբրայթն առաջին կինն էր, որ զբաղեցրեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը նախագահ Բիլլ Քլինթոնի վարչակազմում: Դրանից հետո Օլբրայթն ուշադիր հետևում է միջազգային իրադրությանն ու պաշտպանում Քլինթոնների ընտանիքին` այս անգամ էլ Հիլարիին, ով հավակնում է զբաղեցնել երկրի ամենաբարձր պաշտոնը:
Բրատիսլավայում անվտանգության համաշխարհային ֆորումին մասնակցելուց հետո տիկին Օլբրայթը հարցազրույց է ունեցել «Euronews»-ի հետ:
«Կարծում եմ, որ իրադրությունն այժմ ավելի վատ է քան 90-ականներին` իմ աշխատանքի տարիներին: Այն ժամանակ կար ոգևորվածություն և հույս, դա Սառը պատերազմի ավարտն էր, այդ ժամանակ մենք նայում էինք, թե ինչպես է Եվրոպան դառնում ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես է ձևավորվում Եվրոպական Միությունը: Այն ժամանակ զգացողություն կար, որ ՄԱԿ-ը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Դա բարձունքի և հույսերի ժամանակաշրջան էր»,-նշել է Օլբրայթը:
Պատասխանելով այն հարցին, թե որ որոշումն է ամենադժվարը կայացրել իր կյանքում, նա ասել է.« Նախևառաջ, ես երբեք չեմ մտածել, որ կդառնամ պետքարտուղար կամ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավար: Ամենաբարդ որոշումներից մեկը մարդկանց պատերազմի ուղարկելու որոշումն է: Պարզ մահկանացու կնոջ համար բարդ է հանդես գալ ուժի կիրառման օգտին կամ զորք ուղարկել պատերազմի: Ահա սա է ամենաբարդ որոշումներից մեկը»:
Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններին անդրադառնալով Օլբրայթը նշել է.«Երբ նախագահ Բուշը մեր երկիրը տարավ իրաքյան պատերազմի` չապահովելով ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան դիվանագիտական աշխատանքը դաշնակիցներ ձեռք բերելու համար, ապա միայն կասկած առաջացրեց, որ ամերիկյան քաղաքականությունն ուղղված է Իրաքում զարնգավածային ոչնչացման զենքի ստղծումը կանխելուն: Օբաման նախագահ էր ընտրվել հենց այն բանի համար, որպեսզի դադարեցնի Իրաքի և Աֆղանստանի պատերազմները: Հենց այն գիտակցումը, որ այդ պատերազմները սխալ էին, դարձավ ընտրություններում նրա հաղթանակի գրավականը: Ինձ թվում է, Օբաման իսկապես հավատում է, որ ԱՄՆ-ը չպետք է ամեն ինչ անի միայնակ, այլ պետք է համագործակցի այլ պետությունների հետ: Ես կարծում եմ, որ նա փորձել է ուղղել նախորդ վարչակազմի թույլ տված սխալները: Իսկ Սիրիայի հարցով պետք էր ավելի վաղ զբաղվել, ավելի վաղ ուսումնասիրել, թե ովքեր են ընդդիմադիրները, ինչ են ուզում»:
Ըստ Օլբրայթի, Ամերիկան շատ արտասովոր երկիր է. «Մենք գաղութային գերտերություն չենք, մենք չենք ցանկանում գլոբալ ոստիկանության դերը ստանձնել: Մեզ շատ դժվար է որոշել` միջամտել, թե ոչ այս կամ այն իրադրությանը: Չէ որ ամեն դեպքում մեզ քննադատում են»:
Լրագրողն անդրադարձել է նաև Մադլեն Օլբրայիթի բրոշներին, որոնք տեղ են գտնում նրա բոլոր հագուստների վրա:
«Այնքան հետաքրքիր պահեր են եղել իմ բրոշների հետ կապված: Երբեմն ես դրանք ճիշտ եմ ընտրում, երբեմն` ոչ այնքան: Իմ ամենամեծ սխալ ընտրությունն այն էր, երբ ես երեք կապիկ պատկերող բրոշ (ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում և ոչինչ չեմ ասում) էի կրում Պուտինի (ՌԴ նախագահ) հետ հանդիպման ժամանակ: Երբ մենքն մտանք, նա Քլինթոնին ասաց.«Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում Մադլեն Օլբրայթի բրոշներին, ինչու է նա հիմա երեք կապիկ պատկերող բրոշ կրում»: Այդ ժամանակ ես պատասխանեցի.«Սա իմ պատասխանն է Չեչնիայում ձեր քաղաքականությանը»: Նա այն ժամանակ շատ ջղայնացավ, ինչն, իհարկե, կարելի է հասկանալ: Բայց այժմ ես նույնը կանեի, քանի որ կարծում եմ, որ Պուտինի քաղաքականությունը հիմնվում է չարիքի վրա: Իսկ այսօր ես կրում եմ երկու գլոբուս պատկերող բրոշ, ինչը կարծում է հատկանշական է, երբ խոսվում է գլոբալ խնդիրների մասին»,- եզրակացրել է Մադլեն Օլբրայթը: