Խադիջա Իսմայլովայի գործն ունի միջազգային նշանակություն. Ամալ Քլունի
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով: Իսմայլովան Բաքվում դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման: Բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին պաշտպանում է Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում:
2015 թ-ի սեպտեմբերին Բաքուն Խադիջա Իսմայլովային մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու, խարդախության, անօրինական ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Իսմայլովայի գործը համարում են քաղաքական: Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահանջել են ազատ արձակել լրագրողին:
Իսմայլովայի գործի առթիվ նրա պաշտպան Ամալ Քլունիի հետ զրուցել է «BBC»-ի ադրբեջանական ծառայության թղթակից Քյոնուլ Խալիլովան: Զրույցի ընթացքում Քլունին մասնավորապես նշել է.« Եթե հիշում եք, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հատուկ պատվրակ Սամանթա Փաուերը Խադիջայի գործը ներառել էր կին քաղբանտարկյալների միջազգային գործերի 20-յակի մեջ: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է պայքարել Իսմայլովայի ազատության համար` դիվանագիտական ճնշումներ գործադրելով Ադրբեջանի վրա:
Պետքարտուղարությունը վերջերս զեկույց էր հրապարակել, որտեղ Խադիջայի գործը համարվում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման ամենավառ օրինակը:
Իսկ Կոնգրեսը օրինագիծ է քննարկում, որը նախատեսում է սանկցիաներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների վրա, քանի որ վերջիններս խախտում են մարդու իրավունքները: Սանկցիաները կներառեն արգելք ԱՄՆ մուտք գործելու համար և ակտիվների սառեցում: Օրինագիծը հենց այդպես էլ կոչվում է` «Ակտ Ադրբեջանի ժողովրդավարության մասին» («Azerbaijan Democracy Act»)»: