Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիային կրոնական սահմանադրություն է պետք
Թուրքիայի պառլամենտի խոսնակ և կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության անդամ Իսմաիլ Կահրամանը կոչ է արել փոխել երկրում գործող սահմանադրությունը և այն դարձնել կրոնական: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Մենք մուսուլման պետություն ենք: Համապատասխանաբար, մենք պետք է ունենանք կրոնական սահմանադրություն»,- հայտարարել է Կահրամանը Ստամբուլում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Կառավարող կուսակցության ներկայացուցիչներն արդեն բազմիցս են հանդես եկել հայտարարությամբ` փոխել գործող Մայր օրենքը, որն ընդունվել է 1982 թ-ի նոյեմբերին և որտեղ բացակայում են կրոնական դրույթները:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ազգային կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն քննադատել է Կահրամանի առաջարկությունը:
«Մերձավոր Արևելքում տիրող քաոսը այն մտածելակերպի արդյունքն է, որով կրոնը պետք է դառնա քաղաքականության բաղադրիչ»,- գրել է Կիլիչդարօղլուն Թվիթերի իր էջում:
Ընդդիմությունը նաև զգուշանում է, որ նոր սահմանադրությունը կարող է շատ մեծ իշխանություն տալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը հանդես է գալիս նախագահական լիազորությունների ընդլայնման օգտին: