Շվեյցարիան հրաժարվել է ցուցադրությունից հանել Էրդողանին քննադատող լուսանկարը
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Անկարայի պահանջը` լուսանկարների բացօթյա ցուցադրությունից հանել այն տղայի լուսանկարը, ով մահացել էր 2013 թ-ին Ստամբուլում բողոքի ակցիայի ցրման ժամանակ: Բողոքի ցույցը ցրվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Հստակեցվում է, որ փողոցային ցուցադրությունը տեղի է ունենում Ժնևում` ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց գտնվող հրապարակում: Ցուցադրությանը մասնակցում են քրդահայ լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի լուսանկարները: Ըստ լուսանկարչի, ցուցահանդեսի շուրջ Թուրքիայի գործողությունների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա:
«Լուսանկարների ցուցադրության հարցում թուրքական իշխանությունների պահանջներին չհետևելու որոշումը վկայում է խոսքի ազատության մասին և ընդգծում է Ժնևի դերը` որպես մարդու իրավունքների պաշտպանության մայրաքաղաք»,- հայտարարել են տեղական իշխանությունները: