Ներկայացվել է Սարիկ Անդրեասյանի՝ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի պաստառը (տեսանյութ և լուսանկարներ)
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ով Ռուսաստանում է բնակվում, ֆիլմ է նկարահանել Հայաստանում տեղի ունեցած ամենաողբերգական, աղետալի դեպքերից մեկի` Սպիտակի երկրաշարժի մասին, որի հետևանքով 1988թ. դեկտեմբերին ավերվեց ավելի քան 300 բնակավայր: Զոհվել է 25.000 մարդ, 19.000 մարդ դարձել հաշմանդամ, իսկ կես միլիոնից ավելի մարդ՝ մնացել առանց տանիքի: Այս մասին հայտնում է Filmpro.ru-ն:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Վիկտոր Ստեփանյանը ու ռուս և հայ այլ դերասաններ: Սցենարի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի: Ֆիլմի պաստառն արդեն ներկայացվել է:
Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը պատմել է. «Նկարահանումները մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին: Դրանք անց են կացվել Ռուսաստանում և Հայաստանում, տևել են 41 օր: Մեր գլխավոր նպատակը լավ ֆիլմ նկարահանելն է, որը մարդկանց անտարբեր չի թողնի: Եվ այն նյութի հիման վրա, որը ես արդեն տեսել եմ, Սարիկ Անդրեասյանին հաջողվել է շատ ուժեղ, զգացմունքային ֆիլմ նկարահանել, որը, վստահ եմ, մեծ իրադարձություն կդառնա»:
Գլխավոր դերերից մեկը կերտած Կոնստանտին Լավրոնենկոն պատմել է. «Շատ ծանր ֆիլմ է լինելու, ինձ թվում է, որն առանց «Վալիդոլ»-ի հնարավոր չէ դիտել: Մենք դադարել ենք զգալ, կիսել մեկի վիշտը, դրա համար ուզում ենք, որ մարդիկ հիշեն 1988թ-ի ողբերգությունը և հասկանան, որ կարեկցությունը չկորցնելը մարդու արժանիքներից է: Ես վստահ եմ, որ մեր պատմությունը չի լինի «վերքին աղ ցանելու» շարքից: Մենք ցույց կտանք, թե ինչպես ենք մենք կարողացել օգտագործել այդքան բարդ, ցավոտ թեման: Մենք, անկասկած, պատասխանատու ենք զգում մեզ: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր մարդկանց, քանզի այդ վերքը դեռևս թաց է»:
Ֆիլմը ներկայացնում է 2 հերոսներ 45-ամյա Կոնստանտին Բերեժնիի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Բերեժնու մեղքով ավտովթարի հետևանքով մահացել են Ռոբերտի ծնողները: Մի քանի տարի անց նրանք դարձյալ հանդիպում են բնական աղետի ժամանակ` հայտնվելով միևնույն փրկարարական ջոկատում կողք կողքի: