Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին Ստամբուլում հավաքված հայերը Թուրքիային առերեսվելու կոչ են արել (լուսանկար)
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանում հավաքված հայերը ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է «IMCTV»-ն:
Թուրքիայի «Ռասիզմի և ազգայնամոլության դեմ պայքարի DurDe» պլատֆորմը, «Ռասիսզմի դեմ պայքարի եվրոպական շարժումը», Թուրքիայի «Մարդու իրավունքների պաշտպանության միությունը» և «Նոր զարթոնքը» ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ու Թուրքիային առերեսվելու կոչ են արել:
Հավաքի ժամանակ հնչել է հայկական երաժշտություն: Մասնակիցները ձեռքներին պահել են այն մտավորականների լուսանկարները, որոնք ապրիլի 24-ին ձերբակալվեցին և մահվան ուղարկվեցին հենց այն երկաթուղային կայարանի մոտ, որտեղ այսօր հավաքվել էին մասնակիցները:
Հավաքվածների անունից հայերեն, թուրքերեն ու անգլերենով հայտարարություն է կարդացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը։ Նա շեշտել է, որ մարդկության դեմ հանցանք հանդիսացող Հայոց ցեղասպանության ժխտումը, մեղավորներին չպատժելը նշանակում է հանցանքի շարունակություն:
Հիշատակի միջոցառման ավարտին մասնակիցները կարմիր մեխակներ են ծովը նետել։