Կայացել է պատանիների համար նախատեսված «Կանչ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ավագյան» փրոդաքշնի «Կանչ» լիամետրաժ ֆիլմը, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմն Ադանայի ու Քեսաբի կոտորածներից փրկված երկու հայ պատանիների մասին է: Թուրքի լծի տակ հայտնված Վարդանն ամբողջ ֆիլմի ընթացքում չի նահանջում, պայքարում է իր կյանքի, իր հավատքի ու ազատության համար, ում օգնում է նախնիների խորհուրդն ու հայկական գրերը:
Ֆիլմ առանց դաժան տեսարանների է, նախատեսված է պատանիների համար: Նկարահանումները տեղի են ունեցել Բագարանում, Բջնիում, որոշ տաղավարային հատվածներ՝ Երևանում: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադևոսյանը, սցենարիստները՝ Սամվել Թադևոսյանն ու Կարլեն Աբրահամյանը:
Գլխավոր դերերում են Հենրիկ Շահբազյանը, Լևոն Վարդապետյանը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը, Անետա Օհանջանյանը, Ռոմելա Թամարյանը, Սիրանույշ Լազյանը: «Կանչ»-ի սաունդթրեքը վստահվել է երգչուհի Դալիթային, ով փրոդաքշնի հետ աշխատում է արդեն 2-րդ անգամ:
«Այս գործն ինձ համար առանձնահատուկ է: «Կանչ»-ն իմ առաջին սաունդթրեք»-ն է: Բացի այն, որ այն վոկալիզ է, ես առաջին անգամ եմ նման կատարումով ներկայանում: Առանձնահատուկ է նաև նրանով, որ բոլորս համախմբված ենք այս ազգանվեր աշխատանքի համար: Շնորհակալ եմ այն ինձ վստահելու համար»,-ասաց Դալիթան:
Ողջ ֆիլմում ուղեկից են մեծ պապի խոսքերը, որոնք և ուժ տվեցին Վարդանին և ամեն գնով ստիպեցին չմոռանալ իր ով լինելը: Պապը փոխանցում է թոռանն այբուբենը, ասում է՝ սա է մեր հոգին, սրանք են այն 36 զինվորները, որ պիտի պահպանեն մեր ազգը և դա իրականացվում է թոռան կողմից:
«Լավագույն բաները պահպանելու համար պիտի զինվոր լինես: Պիտի զինվոր լինես, որ պաշտպանես և՛ ազգդ, և՛ հոգևորդ, և՛ ազգային արժեքներդ, սիրելիիդ, ինքդ՝ քեզ»: Ահա այսպես է պապը ֆիլմում խրատ տալիս թոռանը:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդանի պապի կերպարը կերտած վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը ասաց. «Ֆիլմի այս տարբերակից յուրաքանչյուրն ինչ-որ բան կվերցնի: Ամենակարևորը պահպանված է հայրենասիրական ոգին, ազգը որքան էլ դժվարն կացության մեջ լինի, իր և վաղվա նկատմամբ հավատքի շնորհիվ ապրելու և գոյատևելու է: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ պապերից եկել փոխանցվել է հայրենասիրական ոգին, ասօրվա երիտասարնդերի մեջ նոր, հիանալի զգացումներ կան»:
Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ պետք չէ անընդհատ ցույց տալ, որ մեզ ստորացրեցին, պետք է ցույց տալ, որ մենք պայքարում ենք: Արդեն հարյուր տարի է անցել՝ մենք կանք, գոյատևում ենք և փորձում ենք մեր ձայնը բարձրացնել: