Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում երկրորդն է
«Լրագրողներ առանց սահմանների» («Reporters without borders») միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս-2016» («World Press Freedom Index-2016») զեկույցը, որտեղ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը 4 հորիզոնականով: Այդ մասին նշված է կազմակերպության ամենամյա զեկույցում, որը հրապարակվում է 2002 թ-ից ի վեր:
Չնայած Հայաստանը բարելավել է իր դիրքը 180 պետությունների շարքում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում մամուլի ազատության վիճակը բարելավվել է: Հայաստանի մամուլի ազատության ինդեքսը կազմում է 28.79, ինչը 0.36-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից (28.43): Նշենք, որ ըստ ուսումնասիրության մեթոդաբանության, որքան ցածր է ինդեքսը, այնքան տվյալ երկրում լավ է մամուլի ազատության վիճակը:
Այնուամենայնիվ, մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ պետություններ Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ):
Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով առաջ է անցել նաև իր հարևաններից` Ադրբեջանից (163), Թուրքիայից (151), Իրանից (169) և Ռուսաստանից (148): Տարածաշրջանի ամենաազատ մամուլն ունի Վրաստանը, որը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը։
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ տպագիր լրատվամիջոցները բազմազան և բևեռացված են, լրագրողական հետաքննությունները զարգանում են համացանցում, բայց բազմակարծությունն ապահովվում է հեռուստատեսությամբ:
Ըստ զեկույցի, ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակում են Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ամենաանազատ և վերահսկվող մամուլն ունեն Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան: