Մայիսի 11-ին նշանավոր նկարիչ և գրող Սալվադոր Դալիի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Սալվադոր Դալին ծնվել է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում 1904թվականի մայիսի 11-ին: Ուսանել է Մադրիդի Գեղեցիկ արվեստների դպրոցում, ինչն էլ ազդել է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, նրանք եղել են զուտ ակադեմիստական ոճի մեջ:
Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում: Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային պեյզաժներ: 1929 թվականին Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը, և 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ: Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում:
Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ): 1936 թվականին Դալին անսպասելի և ընդգծված մասնագիտական շեղում է կատարում դեպի իտալական կլասիցիզմ: 1948 թվականին Դալին մեկնեց ԱՄՆ, որտեղ նա ապրեց մինչ 1948 թվականը:
Իր արվեստի մեջ Դալին ներգրավել էր ամենատարբեր աղբյուրներ' նիդերլանդական ռեալիզմ, իտալական բարոկկո, աբստրակցիոնիզմ, փոփ-արթ: Դալիի ավելի ուշ նկարները, որոնք հաճախ կրոնական թեմատիկա էին կրում, ավելի դասական են իրենց ոճի մեջ, օրինակ' «Կորպուս Գիպերկուբուս» (1954, Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք) և «Վերջին Ընթրիքը» (1955, Ազգային արվեստի թանգարան, Վաշինգտոն):
Սալվադոր Դալին ներկայացված է ԱՄՆ-ի և Եվրոպայի թանգարաններում' Լոնդոն, Բասել, Գլազգո, Փարիզ, Չիկագո, Նյու Յորք, Վաշինգտոն և Ֆիլադելֆիա քաղաքներում: