Լիլիթ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին
Երգչուհի Լիլիթ Հովհաննիյանը ևս միացել է հայ մշակութային գործիչների` միջազգային կազմակերպություններին ուղղված բաց-նամակների նախաձեռնությանը: Նրա դիմումն ուղղված է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին և Մարդու իրավունքների գրասենյակին: Երգչուհու գրառման մեջ ասվում է.
«ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Մարդու իրավունքների գրասենյակի հարգարժան անդամներ,
Իմ անունը Լիլիթ է: Ես հայ եմ:
Ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մի երկրում, որի ղեկավարի ելույթներում այնքան ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն կա դեպի իր հարևան պետությունը:
Ադրբեջանի և ադրբեջանցիների գերակայությունն ու բռնի ուժով հայերի ու Հայաստանի ոչնչացումը մի ընդհանուր գաղափար է, որով լցված են այդ ազգի ներկայացուցիչների սրտերն ու հոգիները: Ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմի դրսևորում:
Ծեր մարդկանց մարմինների խեղաթյուրումը, հայ զինվորների գլխատումը…
Ադրբեջանական բանակի այսօրինակ գործողությունները, ասես, ոգեշնչված լինեն «Իսլամական պետություն»-ից:
Նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրադադարի կոչ է արել, նրա հրետանավորները շարունակում են ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` ոչնչացնելով դպրոցներ և գյուղեր, սպանելով դպրոցականներին և ծերերին:
Ադրբեջանի գործողությունները պատերազմական հանցագործություններ են, որոնք պետք է դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիաների և ռասիզմի դեմ պատժամիջոցների կիրառմամբ:
Հարգանքներով`
Լիլիթ Հովհաննիսյան` երգչուհի»: