Այլևս չասեք` հարկ լինի Ղարաբաղը կգրավենք. Ադրբեջանի ընդդիմությունն Ալիևին
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կապված ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ռազմական գործողությունների ձախողման հետ: Այս մասին նա հայտնել է Azadliq.info-ին:
Ֆեյսբուքյան իր էջում Քերիլմին հիշեցրել է իշխանություններին ԼՂՀ-ն գրավելու ամենօրյա հայտարարությունների մասին, «Հարկ լինի` կգրավենք Ղարաբաղը» հայտարարությունների մասին, և հարց է տվել նրանց` «Իսկ ինչու չկարողացաք գրավել»:
«Եթե դուք խոսում ենք մեր բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերությունների` հասարակության միասնության, ամբողջ աշխարհի, հարևանների և հատկապես Թուրքիայի աջակցության մասին, այն մասին, որ հակառակորդը գտնվում է խուճապի մեջ, ապա ինչու չկարողացաք իրականացնել ձեր հայտարարությունները: Այնպես որ, խնդրում եմ, այլևս չխոսեք այդ մասին, քանի որ դրան այլևս ոչ ոք չի հավատում»,- նշել է Ալի Քերիմլին Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր հայտարարության մեջ:
Քերիմլին նաև քննադատել է իշխանություններին, որ վերջիններս ժողովրդից թաքցնում են հայկական կողմի հակահարվածների արդյունքում ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների իրական թիվը, որն իմանալու համար իրենք օգտվում են սոցցանցերում անկախ լրագրողների բերած տվյալներից: