Առաջին բջջային հեռախոսը
Բջջային հեռախոսակապի պատմությունը սկսվում է 1979 թվականին Ճապոնիայում, որտեղ առաջին անգամ աշխարհում յուրաքանչյուրը ստացավ հնարավորություն օգտվել բջջային կապից։ 1981 թվականին Սկանդինավիայում տեղի ունեցավ առաջին սերնդի ցանցի երկրորդ մեկնարկը, ընդ որում առաջին անգամ ստեղծվեց ռոումինգի հնարավորություն։ Առաջին սերնդի ցանցերը անալոգային էին և շուտ դուրս եկան շահագործումից։ 1991-ին Ֆինլանդիայում շահագործման մտավ առաջին 2G երկրորդ սերնդի ցանցը։
Այս ցանցերը ունեն չորս շատ մեծ առավելություն իրենց նախորդների նկատմանբ. հնարավոր դարձավ ռոումինգը, 2G ցանցերը ունեն շատ ավելի լավ սպեկտրալ էֆֆեկտիվություն, բջջային խոսակցությունները թվային կոդավորված են և հնարավոր դարձան տվյալների փոխանցման ծառայությունները՝ դրանցից առաջինը SMS ծառայությունն է։ 1987-ին եվրոպական 13 երկրներ ստորագրեցին համաձայնագիր հատուկ խումբ ստեղծելու մասին (Groupe Spécial Mobile - GSM), որի համաձայն այդ երկրներում պետք է ստեղծվեր բջջային կապի միասնական համակարգ։ Մշակվեցին հատուկ չափորոշիչներ, որոնք էլ հետագայում դարձան գլոբալ բջջային համակարգի (GSM – Global System for Mobile) ստանդարտի հիմքը։
Այսօր GSM-ի բաժանորդների թիվը կազմում է 3 միլիարդ մարդ, աշխարհի 212 երկրներում։ Բջջային շուկայի 80%-ը օգտվում է GSM համակարգերից։ Չնայած այն փաստին, որ որոշ երկրներում արդեն կոմերցիոն շահագործման են հանձնվել նաև 4-րդ սերնդի ցանցերը, GSM ցանցերը դեռ երկար ժամանակ դուրս չեն գա գործածումից իրենց հարմարավետության, հուսալիության և որ ամենակարևորն է՝ շատ լայն տարածում ունենալու շնորհիվ։