Գերմանացի հայտնի երգիծաբանը Էրդողանի մասին բանաստեղծության պատճառով կարող է ազատազրկվել
Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը քննություն է սկսել գերմանացի հայտնի հեռուստահաղորդվար-երգիծաբան Յան Բեմերմանի դեմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին բանաստեղծության համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Der Spiegel»-ին:
Հաղորդվում է, որ բանաստեղծությունը Բեմերմանը կարդացել է մարտի 31-ին՝ թուրքական «ZDF» հեռուստաընկերության «Neo Magazin Royale» հաղորդման ժամանակ: Իր երգիծանքում հեղինակը թուրք առաջնորդին մեղադրել է քրդերի և քրիստոնյաների դեմ ոտնձգություններ անելու, ինչպես նաև ընդդիմադիր թերթը փակելու համար: Բացի այդ, տեքստում եղել են անձնական բնույթի վիրավորանքներ:
Ինչպես հաղորդվում է, գերմանական որոշ ԶԼՄ-ներ բանաստեղծությունը վիրավորական են պիտակել, և հաղորդման տեսագրությունը ջնջվել է հեռուստաընկերության օնլայն-գրադարանից: Մեղադրական դատավճռի դեպքում Բեմերմանին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում՝ երկրի ներկայացուցչին վիրավորելու համար: