Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին ղարաբաղյան համակարտության պատճառով
ՌԴ Դաշնային խորհրդում հիշեցրել են, որ Ռուսաստանը լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին վերջինիս ռազմական ուժերի ձևավորման գործում, այդ թվում` մատակարարել է ժամանակակից զինտեխնիկա: Այս մասին հաղորդում է «Говорит Москва» ռադիոկայանը:
«Քանի որ նրանք այսօր օգտագործում են այդ տեխնիկան, իսկ դա մեզ ձեռնտու չէ: Մենք իրավունք ունենք այդ մասին բարձրաձայնել, պահանջել և ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, եթե չդադարի էսկալացիան և ռազմական հակամարտությունը, իսկ տվյալ դեպքում այն ամենը, ինչ տեղի է ունենում սահմանին Ադրբեջանի ռազմական ուժերի կիրառմաբ, կրում է ծայրահեղ ագրեսիվ բնույթ»,- ընդգծել է դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը «Говорит Москва» ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Այս պահին կիրառվում է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համազարկով կրակի համակարգ: Ըստ աղբյուրի, կիրառվել է նաև ТОС-1 «Солнцепек» համակարգ: Դա շատ ժամանակակից զենք է: Այն օգտագործվում է, որպես կանոն, երբ պատրաստվում է լուրջ հարձակողական գործողություն»,- նշել է Կլինցևիչը:
Պատգամավորը նաև հավելել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու հարցը պետք է բարձրացնի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ «դա շատ բարդ պայմանավորվածությունների արդյունք է, որոնցից շատերը կրում են փակ բնույթ»: