Լավրովն ու Քերրին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունները իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել ԼՂ իրավիճակի սրման հարցով՝ ընդգծելով իրենց հրատապ հորդորը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուժերը՝ ԼՂ կոնֆլիկտը կարգավորելու հարցում: Լավրովն ու Քերրին քննադատել են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը՝ առճակատումը խթանելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: