Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը ԼՂՀ-ում
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրադրությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Անկարան իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին: Այս մասին РИА «Новости» գործակալությանն է հայտնել Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո քարտուղար Վագիֆ Դյարգախլին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը, ինչպես նաև Գերագույն շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Թուրքիան ստեղծված իրադրությունում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին»,- հաղորդում է Դյարգախլին:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Ավելի վաղ ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: