Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիին, ով գրել է ղարաբաղյան հակամարտության մասին, մեղադրել են խուլիգանության մեջ
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հանդեպ մեղադրանք են առաջադրել խուլիգանության համար: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ Այլիսլիի, իր դեմ գործի բացման մասին իրեն հայտնի է դարձել որդու միջոցով, ում հարցաքննության էին կանչել գրողի հետ Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո:
«Հարցաքննությունից հետո որդուս ասել էին, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել 221 հոդվածով (խուլիգանություն): Ես հերքում եմ այդ մեղադրանքը»,- մեջբերում է «Associated press» գրողի խոսքերը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը, նրան մեղադրում են սահմանապահների վրա բռնություն գործադրելու մեջ:
Մարտի 30-ին 78-ամյա Այլիսլին` ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակը, ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում, որտեղից ցանկանում էր մեկնել Վենետիկ` մասնակցելու գրականության փառատոնին: Սահմանապահները նրան հանձնել է Ներքին գործերի նախարարությանը, որտեղ էլ մեկնաբանել էին նրա ձերբակալումը «օդանավակայանում կոնֆլիկտային իրադրություն ստեղծելու հանգամանքով»:
Ըստ Այլիսլիի, իրեն ձերբակալել են իր աշխատանքների համար.«Ի վերջո, ինձնից վերցրեցին իմ անձնագիրը` հայտարարելով, որ ես «ազգի թշնամին եմ» «Քարե երազներ» գրքի պատճառով և ասացին, որ էլի կկանչեն հարցաքննության»,- հաղորդել է գրողը «Кавказский Узел»-ի հետ զրույցում:
«Ես պետք է ելույթ ունենայի «Իշխանությունը և գրողը» պայմանական վերնագրով ելույթով: Իշխանությունները գիտեին այդ մասին, քանի որ իտալական մամուլն էր գրել»,- ընդգծել է Այլիսլին:
Գրողի անձնագիրն արդեն հետ են վերադարձրել: Իսկ խուլիգանության մասին հոդվածը նախատեսում է հանրային աշխատանք 160-200 ժամ, մինչև մեկ տարի ուղղիչ աշխատանք կամ մեկամյա ազատազրկում: