Դիարբեքիրում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Դիարբեքիրում` Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորներինը` 27-ի: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Զոհերը ոստիկաններ են: Ըստ գործակալության աղբյուրի, կայանած մեքենան պայթեցվել է հեռակառավարման վահանակի օգնությամբ հենց այն պահին, երբ դրա կողքով անցել է ոստիկաններին տանող միկրոավտոբուսը: Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել բանուկ փողոցում, այդ պատճառով էլ տուժածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանելով պայթյունը, նշել է.«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց ահաբեկչության տգեղ դեմքը: Մեր անվտանգության ուժերը դրան վերջ կտան»:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ է Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության անվան տակ անընդհատ հարձակումներ են իրականացնում հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների վրա: