Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանի հանրահայտ պարբերականի անդրադարձը հայկական ավանդական երաժշտությանը
Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանի «Musicology Today» երաժշտագիտական հանդեսի այս տարեսկզբի հերթական համարը նվիրված է հայկական ավանդական երաժշտությանը:
Նախաբանը գրել է Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանի դասախոս, դոկտոր պրոֆեսոր Նիկոլաե Գեորգիցան: Հայ ավանդական երաժշտությունը և հայկական խազերը հակիրճ ներկայացնելու համար ամսագրում օգտագործվել են հայ երաժշտագետների մի քանի ուսումնասիրություններ, մասնավորապես, երգահան Արթուր Շահնազարյանի «Կարճ պատմական ակնարկ հայկական եկեղեցական երաժշտության և խազերի մասին» և «Հայկական խազերի բանալին» հոդվածները, արվեստաբան Աննա Արևշատյանի «Կոմիտաս և Գրիգոր Գապասաքալյան. Խազային կապեր» հոդվածը և նույն հեղինակի «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում» մենագրության գրախոսությունը, որը արվել է արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մհեր Նավոյանի կողմից:
Հանդեսում ներկայացվել են նաև հեղինակների կարճ կենսագրականները: Հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված հոդվածաշարի մասին Նիկոլաե Գեորգիցայի և Ռումինիայում Հայաստանի դեսպանության միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2015թ. ապրիլին, Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում Կոմիտասին նվիրված Արթուր Շահնազարյանի դասախոսությունից հետո, որին մարտ ամսին նախորդել էր Գյուրջիեւի ժողովրդական նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսքենյանի դասախոսությունը` հայկական ժողովրդական մեղեդիների ակունքների եւ դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերի մասին:
Նշենք, որ «Musicology Today»-ը Ռումինիայում միակ անգլալեզու եռամսյա երաժշտական հանդեսն է, հիմնադրված 2010թ., որի հիմնադիր եւ գլխավոր խմբագիրն է ռումին անվանի երաժշտագետ եւ դաշնակահար, պրոֆեսոր Վալենտինա Սանդու-Դեդիուն/Valentina Sandu-Dediu: