Իրանում նախագահական ընտրությունների առաջին օրն արդեն հայտ է ներկայացրել 75 մարդ
Մայիսի 7-ից Թեհրանում սկսվել է նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական գրանցումը: Նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցման գործընթացի առաջին օրն արդեն հայտ է ներկայացրել 75 մարդ: Հայտերի ընդունումը կտևի 5 օր, իսկ գրանցման յուրաքանչյուր օրվա ավարտին ընտրական շտաբ ընդունված դիմումները կուղարկվեն Պահապանների խորհուրդ:
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ արդեն 2 անգամ ստանձնել է նախագահի պաշտոնը: Որոշ ժամանակ առաջ Ահմադինեժադը սպառնացել էր չեղյալ համարել ընտրությունները, եթե գտնի, որ այն անարդար է:
Համաձայն իրանական օրենքների՝ պետության ղեկավարի պաշտոնը կարող է ստանձնել միայն տղամարդ, ով պատկանում է իսլամի շիա ուղղվածությանը, ունի Իրանի քաղաքացիություն, զբաղվում է հասարակական գործունեությամբ և կիսում է ԻԻՀ-ի հիմնական գաղափարները:
Մայիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրության պահապանների խորհուրդը պետք է դիտարկի յուրաքանչյուրի թեկնածությունը:
Մայիսի 22-23-ին կհրապարակվեն այն թեկնածուների անունները, որոնք կմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին: