Մադոննան նկար է վաճառել Աֆղանստանի և Պակիստանի աղջիկների կրթության համար
Երգչուհի Մադոննան բարեգործական աճուրդի ժամանակ 7,16 մլն դոլարով վաճառել է ֆրանսիացի նկարիչ Ֆերնան Լեժեի 1921թ. ստեղծած «Երեք կանայք կարմիր սեղանի շուրջ» կտավը: Մադոննան ձեռք է բերել աշխատանքը 1990թ. նույն "Sotheby's" աճուրդի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է "Reuters"-ը, ստացված միջոցները կտրամադրվեն «Լույսի շող» բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է Աֆղանստանում, Պակիստանում և խնդիրներ ունեցող այլ պետություններում աղջիկների կրթության ապահովմամբ:
«Ես չեմ կարող համաձայնել այն բանի հետ, որ աշխարհում սպանում են կանանց և աղջիկներին միայն նրա համար, որ վերջիններս սովորում կամ դասավանդում են դպրոցում: Ես ցանկանում եմ ինչ-որ թանկ բան վաճառել մեկ այլ անգին բանի՝ կանանց կրթության համար», - նշել է երգչուհին:
Այս շաբաթ երեխաներին օգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Անջելինա Ջոլին՝ ստեղծելով ոսկերչական իրերի հավաքածու, որի վաճառքից ստացված հասույթը կուղղվի "Education Partnership for Children of Conflict" հիմնադրամ: