Էրոս Ռամազոտին ռուս կազմակերպիչների պատճառով չեղարկել է Երևանի և Մոսկվայի համերգները
Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Հայաստանի, Ռուսաստանի և Էստոնիայի իր համերգները, որ պետք է կայանային համաշխարհային «Perfetto» տուրի շրջանակում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին, որը մեջբերում է «Trident Music Srl» ընկերության պրոդյուսերների հաղորդագրությունը:
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ պրոդյուսերները ցավում են, որ Մինսկում մարտի 26-ին տեղի ունեցած համերգից հետո ստիպված են եղել հայտնել տուրի ընդհատման և Էստոնիայի, Հայաստանի և Ռուսաստանի շոուների չեղարկման մասին, քանի որ «Глобальные коммуникации» ՍՊԸ-ի կազմակերպիչները խախտել են նախապես համաձայնեցված պարտավորությունները:
Ինչպես հայտնում է պրոդյուսերական ընկերությունը` ռուսական կազմակերպչական կողմը «մեկ անգամ չէ, որ խախտել է համաձայնեցված դրամական պարտավորությունները, որոնք նախատեսված են Ռամազոտիի շոուն միջազգային բարձր մակարդակով անցկացնելու համար»:
«Մենք սպասել ենք մինչև վերջին պահը, երբ հնարավոր կլիներ հասցնել շոուն կազմակերպել բարձրագույն մակարդակով և որակով, ինչպես և պայմանավորվել էինք, սակայն մինչև այժմ չենք ստացել շոուի համար նախատեսված գումարը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Պրոդյուսերներն իրենց իրավունք են վերապահում ռուս կազմակերպիչներին դատի տալու: Դե իսկ նրանց մեկնաբանությունը ստանալ դեռևս չի հաջողվել: